BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Երևան» վեպը ժամանակին և՛ արգելվել է, և՛ անտեսվել

«Երևան» վեպը ժամանակին  և՛ արգելվել է, և՛ անտեսվել
03.02.2017 | 09:46

Ընթերցողի սեղանին է Մկրտիչ Արմենի «Երևան» էպոպեան: «Երևանը» «Անտարես» հրատարակչության «անՎՐԵՊ» մատենաշարի առաջին գիրքն է: «Նոր մատենաշարով ներկայացնելու ենք գրականության պատմության լուսանցքում մնացած, հանիրավի մոռացված կամ անտեսված արժեքավոր գործեր, իհարկե, մեր սուբյեկտիվ կարծիքով: Ինչո՞ւ «անՎՐԵՊ»: Որովհետև մեր գրականության պատմությունը փորձելու ենք սրբագրել այդ վրիպակներից»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության հեղինակ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:

Մատենաշարի առաջին գրքի մասին խոսելով, նշեց, որ «Երևանը» գրեթե չի շրջանառվել և չի ներկայացվել Մկրտիչ Արմենի ստեղծագործական նվաճումների համատեքստում: Վեպը ժամանակին և՛ արգելվել է, և՛ անտեսվել: Գրաքննադատի կարծիքով` անտեսվել է հենց արգելանքի թելադրմամբ. «Մի հետաքրքիր հանգամանք. 60-ականներին, երբ Մկրտիչ Արմենին հնարավորություն է ընձեռվել երկերի հինգ հատորյակ տպագրելու, «Երևանը» չի ընդգրկել այդ հատորների մեջ: Ըստ ամենայնի, քննադատությունները, մեղադրանքները ազդել են գրողի վրա և մղել, որ իր, գոնե իմ կարծիքով, լավագույն ստեղծագործությունն անտեսի»:


«Երևանը» առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին, Մոսկվայում` աբեղյանական ուղղագրությամբ: Վերահրատարակված տարբերակում փոխվել է ուղղագրությունը, ժամանակին բնորոշ սխալները, ուղղվել են վրիպակները, անունների շփոթագրությունը և այլն: Գրքի վերջաբանը գրել է Հրաչյա Սարիբեկյանը, մասնավորապես նշել, որ ժամանակին վեպը քննադատել են մոդեռնիզմի համար, ինչը ոչ թե թերություն էր, այլ առավելություն:
«Երևանը» իր ենթատեքստում, կարելի է ասել, նաև Ալեքսանդր Թամանյանի գործունեության մասին է: «Ավելի շատ ոչ թե նրա կերպարի արծարծումն է, այլ նրա արած գործի: Մենք սովոր ենք Թամանյանի գործը գնահատելու միայն դրական կողմից: Մկրտիչ Արմենը ցույց է տալիս, թե ինչ հրաշքներ են քանդվել թամանյանական Երևան ստեղծելու համար: Այսօր կան շինություններ, որոնց քանդելուն ակտիվիստները դեմ են և մտածում են, որ աղճատվում է մեր քաղաքի պատմությունը, բայց զավեշտալին այն է, որ դրանք կառուցվել են 20-30 թվականներին` էլի շատ արժեքավոր շենքերի փոխարեն,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը, տեղեկացնելով, որ «անՎՐԵՊ» մատենաշարով լույս կտեսնեն նաև արևմտահայ գրող Ղևոնդ Մելոյանի «Մայրը» և «Երեք ընկերներ» վեպերը` մեկ գրքով:- Տաղանդավոր այդ գրողը անհայտ է անգամ նեղ մասնագիտական շրջանակներին: Որոնումները շարունակվում են, մամուլում, գրադարաններում գրքեր եմ ուսումնասիրում: Մոտ հինգ հեղինակի այս պահին աչքի առաջ ունենք: Հիմնական հետազոտական աշխատանքն ինքս եմ անում: Կոնկրետ «Երևանի» պարագայում ինձ շատ են օգնել Հրաչյա Սարիբեկյանն ու Արամ Պաչյանը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ